Համացանցի վրա այսօրվանից կարելի է ընթերցել «Դրօշակ»ի 2022 թվականի առաջին համարը։ Պաշտոնաթերթի նոր համարում ևս ընթերցողը կարող է գտնել Հայաստանի քաղաքական կյանքին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներին վերաբերող հոդվածներ։
Կարելի է ընթերցել նաև ազգային կյանքին, պատմական իրողությունների և այլ խնդիրների անդրադարձող հրապարակումներ։
ՀՅԴ պաշտոնաթերթի նոր համարի առաջնորդողը ուշադրություն է հրավիրում Սփյուռքի, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների զգայուն թեմայի վրա։
Քաղաքականագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լուսաբանում է հայ-ռուսական ներկա բարդ և հակասական փոխհարաբերությունները և կատարում է եզրահանգումներ՝ որոնք բխում են Հայաստանի ու Արցախի համար բախտորոշ ժամանակաշրջանում ճակատագրական սխալների սայթակուն ճանապարհից խուսափելու և ազգային շահերի առումով քաղաքականապես ճիշտ կողմնորոշվելու պատմական մարտահրավերից։
Փորձագետ Վահե Սարգսյանը մանրամասնորեն վերլուծել է անկախության շրջանում Վրաստանում ընտրական համակարգի կրած փոփոխությունների թեման՝ կենտրոնանալով հարևան հանրապետությունում 2021 թ. տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների եւ Ջավախքի վրա դրանց ունեցած ազդեցության հարցի վրա։
Միջին և Մերձավոր Արևելյան տարածաշրջանում քաղաքական փոխհարաբերությունների ոլորտում դրսևորվող նոր զարգացումների միտումներին է վերաբերում տարածաշրջանային մեկ այլ փորձագետի՝ արևելագետ Արմեն Պետրոսյանի քննարկած նյութը։
Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի աշխատակիցներ Լիանա Պետրոսյանը և Նարե Գևորգյանը իրենց հոդվածներում ներկայացնում են Ադրբեջանում և Թուրքիայում ազգային փոքրամասնությունների վիճակը, որպես օրինակ ընտրելով համապատասխանաբար թալիշների և զազաների հիմնահարցերը։
Քաղաքական և պատմական այլ նյութերի հետ ՀՅԴ պաշտոնաթերթի այս համարում տեղ է գտել նաև «Դրօշակ»ի հարցազրույցը «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանի հետ։ Ընթերցողի համար հետաքրքրական կլինի ծանոթանալը ազգային այս կառույցի գործունեությանը և հատկապես վերջին շրջանի ձեռնարկումներին՝ հայաշխարհի ընդարձակ տարածքի վրա։