Համացանցի վրա է «Դրօշակ» պաշտոնաթերթի այս տարվա նախավերջին համարը: Արձագանքելով ներկա անհանգիստ օրերին «Դրօշակ» ի նյութերի գերակշիռ մասը նվիրվել է Արցախի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, որոնք ի հայտ եկան 2020 թվականի ողբերգական պատերազմի հետ և, կարծես թե, վերջ չունեն: «Դրօշակ»ի հոդվածների յուրաքանչյուր հեղինակ առկա խնդիրները վերլուծում է մեկ տեսանկյունից` անդրադառնալով թե՛ ներքաղաքական ու ներհասարակական և թե՛ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ իրողություններին:
Շարունակելով նախորդ համարում ներկայացված թեման պարբերականի առաջնորդողն, այս անգամ լուսաբանում է Իսրայել-Թուրքիա փոխհարաբերությունների հարցը, ինչպես և անդրադառնում է ադրբեջանական ծագումով հրեաների տնտեսական գործունեությանը Ռուսաստանում և, մասնավորապես, նրանց տնտեսական ու քաղաքական ազդեցության հարցին:
Պատմաբան Արմեն Մարությանը մանրակրկիտ վերլուծում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը` իրավաքաղաքական տեսանկյունից փաստելով վերջինիս ակնհայտ անօրինական բնույթը:
Ընթերցողի համար հետաքրքրական կլինի ծանոթանալը Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի «Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է կառուցվել ատոմակայանը» հոդվածի հետ: Նյութի վերնագիրը հուշում է, թե ինչ մասին է այն, իսկ մնացած մանրամասներին արժե ծանոթանալ ուշագրավ գրությունն ընթերցելով:
Ինչպես միշտ «Դրօշակ»ի հերթական համարում ներկայացված են այլ նյութեր ևս, որոնք, կարծում ենք, նույնպես կհետաքրքրեն ընթերցողին: