Այսօրվանից ընթերցողը համացանցի վրա կարող է ընթերցել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի սույն թվականի 7-րդ համարը։ Ժամանակի հևքին ընդառաջ «Դրօշակ»ի ներկա համարի նյութերի զգալի բաժինը ուղղակի և անուղղակի անդրադարձ է Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին նախորդող ու հաջորդող քաղաքական, բարոյահոգեբանական մթնոլորտին, ինչպես և հայության առջև ծառացած բախտորոշ մարտահրավերներին։ Պատահականություն չէ նույն այս համարում պատմաբան Անի Մելքոնյանի․ «Դավաճանությունների դերը հայկական պետականությունների կործանման մեջ» հոդվածի հայտնվելը։
«Դրօշակ»ի բարեկամ և մշտական հեղինակ Վրեժ Արմենը, շարունակելով հանդուրժողականության թեմայի քննարկումը, այս անգամ մտահոգությունն է փոխանցում ներազգային մթնոլորտը պղտորած ներքին անհանդուրժողականության երևույթի վերաբերյալ։
«Դրօշակ»ի հերթական համարը ևս ներկայանում է նյութերի բազմազանությամբ, որոնց թվում Արփի Աբրահամյանի հետաքրքիր լուսաբանումը վերաբերում է անկախության շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ռազմավարական բնույթի պայմանագրերին և համաձայնագրերին։ Իր հերթին արևելագետ Արտյոմ Տոնոյանը ներկայացնում է ընթերցողին Ադրբեջանի ներքին կյանքին բնորոշ մի երևույթ, որի մասին նույնպես լավագույնս պատկերացում է փոխանցում հոդվածի վերնագիրը․«Մի քանի դիտարկում Ադրբեջանում իրանաֆոբիայի դրսևորումների շուրջ»։
Կարծում ենք ընթերցողը հետաքրքրությամբ կկարդա նաև Ավո Գաթրճյանի «Պատառիկներ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան ԾաԾկանուններու բառարանից»» հոդվածը։
Պաշտոնաթերթում չի շրջանցվում պատմական թեման։ Սևրի Դաշնագրի կնքման 101-րդ տարեդարձին ընդառաջ «Դրօշակում» զետեղված է Մարիամ Հովսեփյանի ընդարձակ ուսումնասիրությունը՝ որի համար աղբյուր են ծառայել տվյալ ժամանակաշրջանում Կ․ Պոլսում լույս տեսնող «Ճակատամարտ» և «Ժամանակ» օրաթերթերը։